«Ռուսաստանի խորքին ամերիկյան հրթիռներով հարվածելու թույլտվությունն անխուսափելիորեն կհանգեցնի լրջագույն թեժացման, որը սպառնում է վերածվելու անհամեմատ ավելի լուրջ հետևանքի»,- ասել է Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին։ Մեկ այլ ռուս պաշտոնյայի դիտարկմամբ՝ այդ թույլտվությունն աննախադեպ քայլ է, որը տանում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ, սակայն Ռուսաստանի պատասխանը կլինի անհապաղ։               
 

«Կա մեծ հիասթափություն ու մեծ դժգոհություն, կա վիրավորված արժանապատվություն, և կա սպասում»

«Կա մեծ հիասթափություն ու մեծ դժգոհություն, կա վիրավորված արժանապատվություն, և կա սպասում»
05.06.2009 | 00:00

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԵԼՈՒ ԿԱՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԶՐՈՅԱՑՎԱԾ Է»
Երևանի ավագանու ընտրություններն ավարտվեցին, և գրանցված արդյունքներն անակնկալ չէին։ Արդյո՞ք Հայ ազգային կոնգրեսն այս տարբերակը չէր կանխատեսում` ելնելով նախորդ ընտրությունների փորձից,- հարցրինք Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ։
-Մենք մտածում էինք, իհարկե, որ իրենք ամեն ինչ կանեն ընտրություններում հաղթելու համար, արդյունքներն էլ առանձնապես անակնկալ չէին, բայց իշխանությունների քայլերի տրամաբանությունը մեզ համար անհասկանալի է` հաշվի առնելով այն իրավիճակը, որում հայտնվել է պետությունը` ներքին ու արտաքին խնդիրներով,- ասաց Երևանի նախկին քաղաքապետը։- Ես, օրինակ, մտածում էի, որ իրենք այս ընտրություններում գոնե կփորձեն մեղմել իրավիճակը, որով նաև դրսի դժգոհությունները կմեղմեն, ներքին կյանքում էլ լիցքաթափման հնարավորություն կտան հայաստանցիներին:
-Մի կողմից` ամրագրում եք` ավազակապետություն է, մյուս կողմից` ռոմանտիկ սպասումնե՞ր ունեք ավազակապետերից։
-Այստեղ, իհարկե, հակասություն կարելի է գտնել, բայց այլ ճանապարհ չկա, ցանկացած այլ ճանապարհ կնշանակի պետության կործանում: Տասնութ տարի մեր պետությունը կա, և մենք իրավունք չունենք վտանգելու պետության գոյությունը: Այլ հարց է, որ այս ընտրություններով իշխանությունները վերջնականապես հեղինակազրկեցին, վարկաբեկեցին ընտրական ինստիտուտները:
-Լավ, ընտրություններն ավարտված են, ու ինչ-որ արդյունքներ կարող ենք ամրագրել` մի քանի հարթություններում։ Սկսենք մթնոլորտից, հուզական դաշտից։ Հիասթափություն կա՞:
-Կա մեծ հիասթափություն ու մեծ դժգոհություն, կա վիրավորված արժանապատվություն, և կա սպասում: Ընդհանուր մթնոլորտն այսպիսին է:
-Ո՞րն է քաղաքական գնահատականը:
-Պարզվեց, որ ՀՅԴ-ն իր երկու տարվա իշխանական գործունեության հետևանքով գցել է վարկանիշը, խորհրդարանական ընտրությունների ժամանակվա վարկանիշն այլևս չունի, ընտրողներն ու իշխանությունը ՀՅԴ-ին հասկացրին, որ այսօրվա քաղաքական դաշտում նա այլևս յուրային չէ: ԲՀԿ-ին իշխանությունները հստակ ասացին` մե՛նք ենք որոշողը` ինչքանով կարող եք լինել կամ չլինել և որտեղ լինել: ԲՀԿ-ն երկրորդ անգամ էր փորձում «հարց որոշողի» կերպարով ներկայանալ, չստացվեց: ՕԵԿ-ին վերջնականապես ասվեց` դուք գոյություն չունեք, գաղափար ու համակիր չունեք, նույնիսկ մեր օգնության պարագայում 7 տոկոս չհավաքեցիք, որպես քաղաքական ուժ կարող եք գոյատևել այնքան, որքան մենք կցանկանանք:
-Ձեզ չի՞ թվում, որ Հայաստանում, ի դեմս ՀՀԿ-ի, վերականգնվում է կոմունիստական կուսակցությունն իր միանձնյա-միահեծան ու անսահմանափակ իշխանությամբ:
-Այո՛, բայց մի մեծ տարբերությամբ` կոմունիստական կուսակցության գաղափարախոսությունը շատ հստակ էր, նրա գործունեությունն ու հիերարխիան ապահովված էին Սահմանադրության 6-րդ հոդվածով, և նրա գործողություններն օրինականացված էին:
-Իսկ ՀԱ՞Կ-ը:
-ՀԱԿ-ի առումով ամրագրվեց, որ ընդդիմադիր դաշտում միայն երկու ուժ կա` ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը», այլ ընդդիմադիր ուժ, որն ինչ-որ ձևով իշխանությանը դեմ գնա, այլևս չկա: Նաև` իշխանությունն ընդդիմությանը պարզ հասկացրեց, որ համագործակցության ցանկություն չունի:
-Ընդդիմությո՞ւնն ինչ հասկացրեց իշխանությանը:
-Ընդդիմությունը հասկացրեց, որ ուժեղ է ժողովրդի աջակցությամբ, ինքն էլ համագործակցության հեռանկար չի տեսնում և ավելի է կոշտացնելու պայքարը:
-Իրավական առումով ի՞նչ կատարվեց:
-Իրավական առումով կարող ենք ձևակերպել, որ Երևանում գոյություն ունի ընտրովի ավագանի, նաև հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում օրենք ու օրինականություն չի գործում, Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանություն փոխելու կամ իշխանության գալու հնարավորությունը զրոյացված է, որովհետև իշխանությունն օրենքները կիրառելու փոխարեն ֆիզիկական ուժ է կիրառում:
-Այս ընտրություններում առաջին անգամ կիրառվեց Երևանում տեղական ինքնակառավարման մասին օրենքը։ Լրացումների կամ փոփոխությունների անհրաժեշտություն չի՞ լինելու:
-Ես դեռ մի քանի ամիս առաջ եմ ասել, որ կարևորն օրենքի բովանդակությունը չէ, կարևորն արդար ընտրության կայացման փաստն է, այլապես շատ ավելի ճիշտ էր, որ քաղաքապետը նշանակվեր, որովհետև նշանակման պարագայում նա լեգիտիմ էր: Իհարկե, օրենքը կատարելագործման կարիք ունի, շատ շուտով կպարզվի, որ ինչ-ինչ դրույթներ չեն աշխատում, ինչ-որ դրույթներ չեն համապատասխանում, ինչպես ցանկացած օրենքի պարագայում, որն սկսում է գործել: Ամենակարևորը, այդ մարմինը, դեռ չստեղծված, ոչ լեգիտիմության դրոշմ ստացավ, հերթական անգամ ապացուցվեց, որ Հայաստանում ընտրություն գոյություն չունի։ Սա է վտանգը:
-Երբ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ ՀԱԿ-ն իր գլխավորությամբ մասնակցելու է ավագանու ընտրություններին, դա գնահատվեց ձիու ուժեղ ու անսպասելի քայլ քաղաքական դաշտում։ Ձիու քայլն ակնկալվող արդյունքը չտվեց, և վերջին հանրահավաքում հայտարարվեց, որ հունիսի 12-ին հետագա անելիքների մասին կխոսվի։ Փորձենք հասկանալ` ի՞նչ ելքեր կան` պասիվ քաղաքական ու քաղաքակիրթ պայքա՞ր, թե՞ ակտիվ մարտավարություն` հանրահավաքներով, նստացույցերով, հացադուլներով։
-Ընտրությունների գնալն էլ քաղաքական պայքար էր, շարունակություն, որ մեկ ամսվա ընթացքում շատ դրական արդյունքներ տվեց մեր համակիրների համախմբման առումով: Մենք չենք մտածում, որ պարտվել ենք, բոլորը համոզվեցին, որ մեր հնարավորությունները շատ մեծ են: Իշխանությունն էլ համոզվեց, այլապես այդ ծավալի ընտրակեղծիքներ չէր իրականացնի: Ձիու քայլն ինքնանպատակ չէր, մենք ցանկանում էինք ընտրությունների միջոցով իշխանության գալ և մեր ծրագրերն իրականացնել: Հարցը մեկն է` մարտավարությունը պիտի փոխե՞նք, թե՞ ոչ, արագ, հապճեպ քայլեր պիտի ձեռնարկե՞նք, թե՞ մեր նախկին մարտավարությունը շարունակենք: Ես կողմնակից եմ մեր ծրագրերի իրականացումն արագացնելուն:
-Ի՞նչ եք կարծում, նախագահը, ի վերջո, համաներում կհայտարարի՞։
-Այս տասը տարում ես համոզվել եմ, որ իշխանությունների խոսքին հավատալն անիմաստ է, նրանց համար մարդն իր արժեքներով գոյություն չունի, մարդը նրանց համար գոյություն ունի այնքանով, ինչքանով կարող են նրան օգտագործել իրենց շահերի համար: Այս համաներումն էլ նույնն է: Աժիոտաժ, հանրային խորհուրդ, քննարկումներ, սա շատ նման է բարեգործություն անելուն, երբ դեռ չարած` արդեն ուզում են այդ մասին գրքեր տպագրվեն, ցուցանակներ փակցվեն, ֆիլմեր նկարվեն, Ատրպետի «Տժվժիկի» պատմությունն է:
-Սարդարապատում Սերժ Սարգսյանն ասաց, որ 2006-ին է եղել վերջին համաներումը, այսինքն, համաներման ենթակա են 3 տարի ինչ-որ հոդվածներով դատապարտված մարդիկ: Այդ 3 տարին չէ՞ր նշանակում համաներման գաղափարից հանել քաղաքական ենթատեքստը և հասարակությանը հուզող քաղաքական խնդիրը իրավականի վերածել:
-Նա քաղաքական ենթատեքստը հանում է, որպեսզի ասի` որոշողը ես եմ, ոչ թե դուք, ներսում լինեիք, թե դրսում: Դա էլ է նորմալ, թող անի: Իրականում համաներումը նա ստիպված է անել դրսի ճնշմամբ, երբ Եվրոպա ոտք դնի` հարցնելու են` ի՞նչ եղավ այդ հարցը:
-Հայ-թուրքական սահմանի բացումը իդեա-ֆի՞քս է, շահարկվող հերթական հա՞րց, թե՞ շատ լուրջ ենթատեքստ ունի, որ լուծումն այդքան անհնար է դառնում:
-Հայ-թուրքական սահմանի բացումը դարձել է շահարկվող հարց, կա մի պարզ իրողություն` ով փակել է սահմանը, նա էլ պիտի բացի: Սահմանը փակվել է Ղարաբաղի պատճառով, և ես կարծում եմ, որ Թուրքիան այդ հարցով էլ կբացի: Չեմ կարծում, որ Թուրքիան կփոխի իր տեսակետը: Նույնն է ցեղասպանության հարցում։ Այդքան Տեր-Պետրոսյանին մեղադրում էին, որ թուրքերի հետ «քիրվայություն» է անում, հիմա ո՞վ է անում «քիրվայություն»: Մեր իշխանության ժամանակ ցեղասպանության հարց ընդհանրապես չի քննարկվել։ Ի վերջո, ո՞ւր են այն մարդիկ, որ ապրել են այդ տարածքներում, ո՞ւր անհետացան... Թուրքերն էլ գիտեն, աշխարհն էլ գիտի: Բայց բանը հասավ այնտեղ, որ բացահայտ իրողությունները քննարկման հարց դարձան, ու ապրիլի 23-ին համաձայնագիր ստորագրվեց... Ցեղասպանություն, Ղարաբաղ` դրանից ավելի մենք ի՞նչ ունենք, որի շուրջ համախմբվում ենք։ -Ինչո՞ւ այսօր Հայաստանում, սփյուռքում միավորող գաղափար չի դառնում Ղարաբաղի հարցը, Հայաստանի հզորացման հարցը:
-Համախմբող արժեքներ կարող էին լինել պետականության, ազատության արժեքները, բայց դա չգիտակցվեց, որովհետև սփյուռքը Հայաստանն ընկալեց սպառողի հոգեբանությամբ։ Ինչպես ցեղասպանության ճանաչումն են պահանջում, նույն կերպ պետք է պահանջեն այն այլանդակությունների պատասխանները, որոնք կատարվում են: Եթե դա արվեր, մենք լրիվ ուրիշ գաղափարի մարդիկ կլինեինք, ուրիշ մտածողություն կունենայինք, շատ ավելի անկառավարելի կլինեինք (լավ իմաստով), շատ ավելի քաղաքակիրթ, մեր հարցերը լուծելիս մենք ճանապարհներ կգտնեինք, մեր երկիրն աշխարհում իր արժանի տեղը կունենար, մեր քաղաքացին ուրիշ կլիներ: Մենք միավորող այլ կառույց էլ ունեինք, ինչպես այլ երկրներում է` եկեղեցին, բայց այն եկեղեցին, որ գոնե բարոյական դաշտում պիտի բարձր կանգներ բոլորից ու որպես քրիստոնյաներ մեզ միավորեր, իր համար կարևորագույն արժեք է համարում իշխանության մաս կազմելը: Սա վտանգավոր ու վատ օրինակ է բոլոր հավատացյալների համար, հետո թող աղանդավորների աճի մասին չխոսեն... Մենք ավելի շատ կորցնում ենք մեզ միավորող արժեքները, մենք այդպես էլ չգտանք մեզ միավորող հայի կերպարը: Կարդացող, մտածող մարդն այսօր արժեք չէ, օլիգարխներին իրենց շրջապատում նման մարդ պետք չէ, նման մարդկանց օտարում են, որովհետև նրանց կառավարելը դժվար է` գոնե նրանց չափ խելք պիտի ունենան:
-Մինչև տարեվերջ հայ-թուրքական համաձայնագրի ստորագրումը հնարավո՞ր եք համարում։
-Չեմ հավատում դրան: Դա կապված է ղարաբաղյան հարցի հետ: Այնքանով է հնարավոր, որքանով Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, իրենց տնտեսական շահերից ելնելով, դա կցանկանան։ Ի վերջո, ադրբեջանական գազը պետք է հասնի Եվրոպա, չմոռանանք սա։ Այդ շրջանակներում կտեղավորվի՞ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը, ուրեմն, լուծում կլինի:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 2422

Մեկնաբանություններ